Եգիպտոսի բնակչուհին որոշել է բաժանվել ամուսնուց, երբ նա մերժել է շաուրմա գնել իր համար
Եգիպտոսի բնակչուհին որոշել է բաժանվել ամուսնուց, երբ վերջինս հրաժարվել է շաուրմա գնել կնոջ համար: Այժմ նա գտնվում է ամուսնալուծության գործընթացի մեջ: Այս մասին հայտնում է Khaleej Times-ը:
«Ավանդույթների համաձայն՝ մեզ ծանոթացրել են մեր ծնողները: Առաջին անգամ տեսա նրան հարսանիքից ընդամենը մի քանի ամիս առաջ և չնկատեցի՝ ինչ ժլատ է: Ամուսնությունից հետո առաջին իսկ շաբաթվա ընթացքում նա ասաց, որ ատում է որևէ տեղ գնալ, քանի որ դա գումարի անիմաստ վատնում է», - պատմել է կինը:
Կնոջ խոսքով՝ ամուսնությունից 40 օր անց իրեն առաջին անգամ հաջողվել է համոզել ամուսնուն գնալ զբոսանքի, որի ժամանակ նա խնդրել է շաուրմա գնել իր համար, սակայն տղամարդը մերժել է՝ ասելով, որ արդեն հյութ է գնել նրա համար:
Նշվում է, որ տղամարդը մեղադրել է նրան շահամոլության համար և սկանդալ արել, ինչից հետո կինը վերջնականապես որոշել է վերադառնալ ծնողների տուն և նույն օրն ամուսնալուծության դիմում է ներկայացրել: Առաջիկա շաբաթներին դատարանը կքննի ամուսնալուծության հարցը:










