Ֆրեզնոյի քաղաքապետին են ներկայացվել «Սարոյան հաուս» նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակարգը
2018թ. փետրվարի 23-ին «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից անցկացվող «Սարոյան հաուս» նախագծի շրջանակներում նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը և «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մուգրդեչյանը հանդիպում են ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդի հետ և նրան ներկայացրել նախագիծը։ Վերջինս իր հերթին ողջունել է նախագիծը և աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Քաղաքապետին ներկայացվեցին նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակագը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։ Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։ Շեշտվեց նաև այն փաստը, որ Սարոյանն ունեցել է համաշխարհային ճանաչում, և նրա անձի կարևորումը ոչ միայն հայկական սփյուռքի ձեռքբերումն է լինելու, այլև ողջ ամերիկյան հասարակության: Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։
Թանգարանի բացումը պլանավորվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110 ամյակին։










