Ավելի քան 40.000 սիրիացի վերադարձել է Արևելյան Ղուտա շրջան

13:55 • 03.04.18

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ավելի քան 40.000 խաղաղ բնակիչ վերադարձել է սիրիական Արևելյան Ղուտա շրջան, որը ստիպված էին լքել տևական շրջափակման ու ակտիվ ռազմական գործողությունների պատճառով:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Ղուտայի՝ կառավարական զորքերի կողմից շրջափակումը սիրիական պատերազմի ամենաարյունալի դրվագներից էր: Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալներով՝ այդ ընթացքում զոհվել է մոտ 1.600 խաղաղ բնակիչ:

Այժմ կառավարական զորքերը դաշնակից ուժերի աջակցությամբ ազատագրել են Արևելյան Ղուտան, որտեղից գրոհայիններն անընդհատ ռմբակոծում էին մայրաքաղաք Դամասկոսը: Արևելյան Ղուտայում գրոհայինների հարավային առաջնագիծն ամենավտանգավորն էր Դամասկոսի համար: Ահաբեկիչներն ամեն օր ականանետային և հրթիռային ռմբակոծություն էին իրականացնում սիրիական մայրաքաղաքի կենտրոնի ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արևելյան Ղուտայից դուրս են բերվել «Ֆայլաք ար Ռահման» խմբավորման բոլոր անդամները: Ընդհանուր առմամբ, Արևելյան Ղուտայից դուրս է բերվել 41.126 գրոհային՝ այդ թվում նաև նրանց ընտանիքի անդամները: Հայտնի է, որ նրանք տեղափոխվել են դեէսկալացիոն գոտում գտնվող բնակավայրերից մեկը: