Հայ-վրացական սահմանին հայկական կողմը պահանջում է մաքսազերծել նաև արտահանման ենթակա մրգի ու բանջարեղենի դատարկ տարաները. ջավախահայ
Վրաստանից եկող մեքենաները, որոնք Հայաստան են գալիս հայկական միրգ ու բանջարեղեն տանելու դեպի Վրաստան, խնդիրներ են ունենում մաքսազերծման կետերի հետ, քանի որ սահմանային անցակետում պահանջում են մաքսազերծել նաև դատարկ արկղերը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց ջավախահայ Վարդան Դանիելյանը: Նրա խոսքով՝ տարաները դատարկ և մի քանի անգամ օգտագործված են ու նախատեսված են զուտ գնված ապրանքն արտահանելու համար:
«Դրանք օգտագործված արկղեր են, որոնք նախատեսված են զուտ ապրանքը տեղափոխելու համար, քանի որ արկղերը յուրաքանչյուրն ընտրում է իր մեքենայի հետ համեմատելով: Նայեք՝ մարդը գալիս է ապրանքը վաճառելու, գյուղացի տղա է, հատուկ տարաներ չունի, որով ես կարող եմ ապրանքը տանել, ինչ-որ տեղ էլ չկա, որ մարդիկ գնան, հատուկ արկղեր գնեն: Օրինակ՝ հիմա իմ մեքենան 4 տոննա կարող է տանել, եթե ես 4 տոննայից ավել տարողություն ունեցող արկղեր բերեմ, կարող են ինձ ասել, որ բիզնեսի համար եմ բերում, բայց 4 տոննայի համար է, ու չեն թողնում առանց մաքսազերծման»,- ասաց նա:
Ըստ Վարդան Դանիելյանի՝ նման խնդիրների սկսել են բախվել նախորդ տարվա սեպտեմբերից, սակայն նա պատմեց, որ մի պահ այս գործելաոճը դադարեցվել է, այժմ կրկին մաքսազերծման կետերում պահանջում են մաքսազերծել դատարկ տարաները: Նա նշեց, որ, եթե նման կարգավորում նույնիսկ օրենքով է սահմանված, միևնույն է, այն իսկապես խանգարում է արտահանմանը:
«Կարող եմ վստահեցնել, որ Ջավախքում այս խնդիրը բոլորին հուզում է, Թբիլիսիի կողմի մարդկանց էլ է անհանգստացնում, բայց հիմնականում Ջավախքի հայ ընտանիքներ են, որոնք ցանկանում են հայկական միրգ ու բանջարեղեն տանել իրենց տարածք ու վաճառել»,- ընդգծեց Վարդան Դանիելյանը:
Վերջինս հույս ունի, որ ժամանակավոր, համաձայնության կառավարությունն իր ուշադրությունը կսևեռի խնդրի վրա ՝փորձելով կարգավորում տալ, որը չի վնասի ո՛չ պետությանը, ո՛չ հայ արտահանողին:
Tert.am-ի խնդիրը ներկայացրել է նաև Պետական եկամուտներ կոմիտեին և պատասխանը կներկայացնի հաջորդիվ:









