ԵԿՄ Էջմիածնի բաժանմունքի նախագահի պաշտոնակատար է նշանակվել, բայց ազատամարտիկների մի խումբ նոր ընտրություն է անցկացնում

20:54 • 25.07.18

Մի քանի տասնյակ ազատամարտիկներ՝ ԵԿՄ ներկա և նախկին անդամներ, Էջմիածնի մշակույթի տանը նիստ են անցկացնում՝ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ ընտրելու համար։

Tert.am-ի հետ զրույցում Էջմիածնի ԵԿՄ հիմնադիր նախագահ, ԵԿՄ նախագահի թեկնածու Արայիկ Խուդավերդյանն ասաց, որ ԵԿՄ մաքրման պրոցեսը պետք է սկսել հենց Էջմիածնից, քանի որ տարածքային կառույցի ղեկավարը եղել է Մանվել Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, ով ազատամարտի հետ ընդհանրապես կապ չունի։

«ԵԿՄ մտել են չկռվածները, դուրս են եկել կռվածները։ Ձայնի բոլոր իրավունքները այսուհետև պետք է լինեն պատերազմով անցածներինը։ Պետք է ձայն չունենան այն մարդիկ, ովքեր քավոր-սանիկական կամ այլ հարաբերություններով հայտնվել են ԵԿՄ-ում»,- նշեց նա։

Մշակույթի տանը հավաքված ազատամարտիկները որպես ԵԿՄ Էջմիածնի բաժանմունքի նախագահի թեկնածու ներկայացրին ազատամարտիկ Գևորգ Սարգսյանի թեկնածությունը։

Մինչ Մշակույթի տանը ընտրություն էր ընթանում, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում ևս մի խումբ ազատամարտիկներ էին հավաքվել, ովքեր պնդում էին, որ Մշակույթի տանը հրավիրված նիստը օրինական չէ, մասնակիցներից շատերը վաղուց ԵԿՄ անդամներ չեն, բացի դրանից, մեկ ամիս առաջ արդեն իսկ նշանակվել է տարածքային կառույցի ղեկավար։

Tert.am-ի հետ զրույցում ԵԿՄ անդամ Մաթևոս Ներսիսյանն ասաց, որ ինքն արդեն նշանակվել է տարածքային բաժանմունքի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա նաև ցույց տվեց համապատասխան փաստաթուղթ, որը ստորագրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանի կողմից։



«Հունիսի 29-ին հավաքվել էինք, նիստ էինք հրավիրել, 105 անդամներ ստորագրել էին, առաջադրել էին իմ թեկնածությունը վարչությանը։ Այսօր էլ ինձ կանչել էին վարչություն, հարցազրույցից հետո նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար, միչև կլինի կոլեգիալ մարմնի նիստ սեպտեմբերին։ Նշանակումն արդեն եղել է. հիմա ազատամարտիկներով պայքարում ենք արդարության համար»,- շեշտեց նա։