Իրանի ռազմանավերը ժամանել են Բաքու՝ միջազգային մրցումներին մասնակցելու համար (լուսանկարներ, տեսանյութ)

16:56 • 25.07.18

Իրանի ռազմանավերը ժամանել են Բաքու՝ «Ծովի գավաթ-2018» մրցումներին մասնակցելու համար, որոնք տեղի են ունենալու Կասպից ծովում Ադրբեջանի տարածքային ջրերում: Այդ մասին հայտնում է minval.az-ը:

Մրցումներն անցկացվելու են հուլիսի 31-ից օգոստոսի 10-ը:

Միջազգային մրցումներին մասնակցելու համար հուլիսի 25-ին Բաքու են ժամանել Իրանի ռազմածովային ուժերի «Պեյկան» և «Ջովշան» հրթիռային նավերը:

Ավելի վաղ մրցումներին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի երեք նավ և Ղազախստանի ռազմածովային ուժերի «Մանգիստաու» հրթիռահրետանային նավը:

Միջազգային մրցումներին մասնակցելու է չորս թիմ՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները: