Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ոչ միայն հակահարված տալու, այլ նաև առանձին հատվածներում հարձակվելու. Արկադի Կարապետյան
Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ոչ միայն հակահարված տալու, այլ նաև, մեր շահերից ելնելով, առանձին հատվածներում հարձակվելու, դա դեռ պետք է ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում արվեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
«Ի՞նչ է նշանակում Դավիթ Տոնոյանի ասածը, թե 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման գայթակղությունից՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված, դա վաղուց պետք է արվեր, ի՞նչ է նշանակում կարող է զերծ չմնալ, այսինքն՝ դեռ կա տարբերակ, որ զերծ կմնանք: Կան էլեմենտար բաներ, որոնք ստիպում են պաշտպանողական դոկտրինից կտրուկ անցում կատարել: Ալիևը հայտարարում էր, որ Երևանն իրենցն է, հողեր հետ պիտի տանք, գործողություններ են կատարում Նախիջևանի կողմից, դրանից հետո զարմանալի է, որ մարդիկ միայն ինչ-որ բաներ են խոսում: Ահագին քայլեր ունենք կատարելու: Առաջին հերթին պետք է սպային լիազորություններ տալ առաջնագծում որոշումներ կայացնելու համար, առանց որոշում կայացնող սպայի, հաղթանակ չի լինելում»,-շեշտեց նա:
Արկադի Կարապետյանը ընդգծեց, որ երկրորդ կարևոր քայլը պիտի լինի աշխարհազորի ստեղծումը:
«Արցախյան պատերազմում մենք ժողովրդով հաղթեցինք, ոչ միայն բանակով: Հիմա ուզում ենք, որ մենք էլ կարողանանք մեր լուման ներդնել, իմանանք` ինչ ենք անում: Բանակը` բանակով, բանակին ոչ մեկը ոչինչ չի ասում, բանակն ունի իր տեղը, բայց ամբողջ ժողովուրդը պիտի պաշտպանվի ու պիտի պատրաստվի: Պետք է աշխարհազոր ստեղծվի, և մեր պաշտպանողականությունը շատ բարձր կլինի, որ էլ թշնամին գայթակղություններ չունենա: Պատերազմ է ուզում սկսել և այլն, և այլն: Մենք հեծանիվ չենք հորինում. նման համակարգերը աշխարհի շատ տեղերում կան, ու շատ լավ գործել են: Կա Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի օրինակը: Մերն էլ մեր տարբերակով պիտի լինի: Քաղաքացիական պատրաստվածություն պետք է լինի, սահմանամերձ գյուղի ժողովուրդն իր ճարը կտեսնի, սովոր է, իսկ ի՞նչ կանի, օրինակ՝ Հրազդանի, Երևանի ժողովուրդը, ասենք, հեռահար կառավարմամբ հրթիռների կիրառման դեպքում»,-նշեց Արկադի Կարապետյանը:
Արկադի Կարապետյանը կարծում է, որ մեր աշխարհազոր ունենալուն դեմ է Ռուսաստանը:
«Փանիկ գյուղի միջադեպի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ ասաց, մեր դեմ սադրանք էր, հիշեք 1992 թ. Կիրովաբադում ռուսական զորքը, թուրքականի հետ միասին կռվում էր մեր դեմ: Հիմա անհարժեշտության դեպքում, եթե լայնմասշտաբ պատերազմ լինի, ռուսները նույն վարքագիծը դրսևորեն, ռուսական ռազմաբազայի դեմ ո՞վ է ելնելու, դա կարող է անել աշխարհազորը: Եկել է պահը, որ ռուսները ապացուցեն՝ մեծ եղբայր են, ոչ թե տեր, մենք էլ հպարտանանք: Մենք պատմության ընթացքում այլ բան ենք տեսել, փոխանակ մեծ եղբայրություն անի, մեր շահերին դեմ է գնացել, զենք ծախելը, այլ քայլերը»,-շեշտեց Արկադի Կարապետյանը:
Գնդապետը անհարժեշտ է համարում նաև ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերին կոնկրետ պատասխաններ տալ, վերլուծություն ներկայացնելը. մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, վերլուծություն ներկայացնելը:
«Ժողովուրդը պիտի հասկանա, իմանա թերությունները, հասկանա պայմանավորված պատերազմ էր, թե ոչ: Ուզենք, չուզենք, կան կարծիքներ, չէ՞ որ պայմանավորված պատերազմ էր: Պատերազմը առաջին հերթին զենքով չէ, այլ մարդկանց տրամադրություններով է պայմանավորված, ահագին հարցերի պիտի պատասխան տրվի»,-շեշտեց նա:










