Սիրիայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
Սիրիական Էս-Սուվեյդա քաղաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 100-ի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրի:
«Էս-Սուվեյդայում և դրա արվարձանում պայթյունի և հարձակման զոհերի թիվը հասել է 100-ի, 176 մարդ վիրավորվել է»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր 50 զոհի և 78 վիրավորի մասին:
Չորեքշաբթի առավոտյան մի քանի մահապարտներ ահաբեկչություն են իրականացրել Էս-Սուվեյդա քաղաքում: Նրանցից մեկը գործի է դրել պայթուցիկ սարքը քաղաքի շուկայում: Մահապարտներից մեկին բռնել է տեղացի, սակայն գրոհայինը պայթեցրել է իրեն:
Հաղորդվում է, որ սիրիական բանակին հաջողվել է կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող մահապարտների ևս երկու հարձակում: Զինվորականները նրանց ոչնչացրել են, մինչ նրանք կհասցնեին գործի դնել պայթուցիկ սարքը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջոկատները նաև հարձակվել են համանուն շրջանի արևելքում գտնվող մի քանի գյուղերի վրա, սակայն հետ են շպրտվել բանակի և տեղացիների կողմից:










