ՀՔԾ է ժամանել Ալիկ Սարգսյանը՝ շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու

20:36 • 26.07.18

ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու:

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը շաբաթներ առաջ հաղորդում էր ներկայացրել ՔԿ, ըստ որի՝ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։ 

Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել «Մարտի 1-ի» գործում, Ալիկ Սարգսյանը նկատեց, որ «Մարտի 1»-ի հետ որևէ կապ չունի, բայց որ գործը պետք է բացահայտվի՝ չի կասկածում:

Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին:

«Միշտ ասել եմ, և ասում եմ՝ ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա վաղը»,- նշեց Սարգսյանը: