Իրաքյան ավիաընկերության օդաչուները կռվել են թռիչքի ժամանակ
Իրաքյան Iraqi Airways ավիաընկերության երկու օդաչու ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ թռիչքի ժամանակ օդաչուների խցիկում կռվելու համար: Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով ավիաընկերության հայտարարությանը:
Նշվում է, որ միջադեպը քննում է երկրի տրանսպորտի նախարարությունը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ավելի քան 11 կմ բարձրության վրա: Ինքնաթիռում 150 ուղևոր է եղել:
Օդաչուներին բաժանել է անվտանգության ծառայությունը, իսկ կռվի ընթացքում օդաչուների խցիկը «մասամբ վնասվել է»: Օդաչուների կոնֆլիկտի պատճառը չի նշվում:
Iraqi Airways-ի ներկայացուցիչները նշել են, որ հետաքննության արդյունքների հիման վրա խիստ պատժամիջոցներ կսահմանվեն օդաչուների նկատմամբ՝ ընդհուպ ցմահ աշխատանքից հեռացում:










