Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատական նիստը հետաձգվեց

23:52 • 26.07.18

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող նիստը, որտեղ քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, հետաձգվեց մինչև 1:30:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց, որ խնդիր կա Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու հետ կապված:

«Պարզ չէ՝ որն է հրատապության խնդիրը, հիմա կփորձենք պարոն Քոչարյանին ծանուցել»,- ասաց նա:

Փաստաբանը շեշտեց, որ Քոչարյանը մինչ այս չի խուսափել հարցաքննությունից: Նա մեղադրանքի օբյեկտիվության հետ կապված գնահատական չտվեց՝ ասելով, որ դեռևս մյուս փաստաբանների հետ քննարկում կիրականացնեն, հետո մանրամասն կներկայացնեն:

Նա չհստակեցրեց՝ արդյոք կտեղեկացնի Ռոբերտ Քոչարյանին՝ նկատելով, որ ժամը 9-ից հետո որևէ մեկին չի զանգում:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատականի նիստին չի ներկայացել, քանի որ դեռևս ծանուցում չի ստացել:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում այսօր  Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան:

 

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան