Նոր Զելանդիան Ավստրալիայից պահանջում է փոխել դրոշը

13:55 • 26.07.18

Նոր Զելանդիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ուինսթոն Պետերսն Ավստրալիային մեղադրել է իր երկրի ազգային դրոշը կրկնօրինակելու համար ու պահանջել փոխել պետական խորհրդանիշը:

«Նրանք պետք է փոխեն իրենց դրոշն ու հարգեն այն փաստը, որ դրա դիզայնը մեզ է պատկանում»,-վարչապետի պաշտոնակատարի խոսքը մեջբերում է CNN-ը:

Աղբյուրը նկատում է, որ երկու պետությունների դրոշները շատ նման են ու երկուսն էլ հիմնված են Մեծ Բրիտանիայի՝ Յունիոն Ջեք դրոշի դիզայնի վրա:

Նոր Զելանդիան ներկայիս դրոշն ընդունել է 1902թ., մինչդեռ Ավստրալիան կես դար հետո՝ 1954թ.: Հատկանշական է, որ Նոր Զելանդիան 2016թ. հանրաքվե է անցկացրել երկրի պետական դրոշը փոխելու հարցով: Այնուհանդերձ, բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել ներկայիս տարբերակի պահպանմանը: Արդյունքում նորզելանդական իշխանությունները 17.6 մլն դոլար են ծախսել հանրաքվեի անցկացման համար, սակայն չեն կարողացել փոխել դրոշը:

CNN-ը նշում է, որ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը հնչել է երկու պետությունների հարաբերություններում զգալի լարված շրջանում: Հայտնի է, որ Նոր Զելանդիայի ու Ավստրալիայի միջև կան որոշակի խնդիրներ՝ կապված միգրացիայի հետ: