Հիվանդների թիվն ավելանում է, աշխատավարձերը՝ նվազում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժքույրերը պահանջում են «ֆիքսված» աշխատավարձ

16:14 • 26.07.18

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածինների վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերը ՀՀ վարչապետին և առողջապահության նախարարին պաշտոնական գրություն ուղղելուց հետո այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք նշում են, թե բուժվող հիվանդների թիվը գնալով ավելանում է, իսկ իրենց աշխատավարձերը՝ նվազում և պահանջում են «ֆիքսված» աշխատավարձ:

Tert.am-ի հետ զրույցում բուժքույրերից Աննա Օհանյանը նշեց, որ հիվանդանոցը սպասարկում է ամբողջ հանրապետության ծննդատների ծանր դեպքերը, կոնկրետ իրենց բաժանմունքում 0-7 տարեկան երեխաների բուժում են կազմակերպում, 24 ժամ ոտքի վրա են, և փոխարենն աշխատավարձերը բարձրանան՝ նվազում են:

«Մենք չունենք ֆիքսված աշխատավարձ, այսինքն՝ ընդունվող և դուրս գրվող հիվանդաների քանակով է պայմանավորված: Ինչո՞ւ պետք է իմ աշխատավարձը գոյանա բաժանմունք մտած հիվանդի կատարողականից: Կատարողականից հանում են աշխատավարձ, հետո տալիս են բոնուս, դա նորմա՞լ է, որևէ երկրում նման բան գոյություն չունի»,-ասաց նա:

Աննա Օհանյանը նշեց, որ մի քանի տարի առաջ իրենց աշխատավարձը եղել է շատ ավելի բարձր, քան հիմա: «Եվ դա այն ժամանակ, երբ բաժանմունքը ունեցել է 25, առավելագույնը՝ 30 հիվանդ, հիմա ունենք 50 և ավելի հիվանդ, բայց կազմը մնացել է համարյա թե նույնը, մեկ-երկու բուժքույր է ավելացրել: Հիմա հունվարից սկսած մեր աշխատավարձերը նվազել են, և որևէ պատճառաբանություն չեն տվել: Ասացին՝ համակարգային ծրագիր է, կշտկվի, կվերադարձվի բայց որևէ բան չի փոխվում: Ես եթե 4 տարի առաջ այս ամսվա համար, այսչափ հիվանդների դեպքում կվճարվեի 200-210 հազար դրամ, ես այդ նույն ամսվա համար վճարվում եմ 110 000 դրամ, բայց ինչո՞ւ է այդպես ստացվել, եթե հիվանդների թիվը կրկնապատկվել է»,-ասաց նա :

Մեկ այլ բուժքույր նշեց, թե անհեթեթ է գալ աշխատանքի և չիմանալ, թե ամսվա վերջում ինչքան գումար պետք է ստանաս: «Մենք պետք է ունենանք ֆիքսված բարձր աշխատավարձ, որովհետև այն գործը, որ մենք կատարում ենք, պետությունը տեսնում է և պետք է գնահատի»,-ասաց նա:

Բուժքույրերի բողոքը լսելու էր եկել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պրոռեկտոր Արմեն Մինասյանը և գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը: Շուրջ 2 ժամ բուժքույրերի հետ առանձին քննարկումից հետո «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը որևէ պարզաբանում չցանկացավ տալ:

«Քանի որ իրենց աշխատավարձի ստացման և բաշխման վերաբերյալ պաշտոնական նամակներ են ուղղել նախարարություն, կառավարություն, այսինքն՝ կա պաշտոնական հարցում, մեր կողմից ևս կլինի պաշտոնական գրավոր պատասխան»,-ասաց նա:

Բուժքույրերին ղեկավարության պարզաբանումները չէին գոհացրել: Հիվանդանոցի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ևս կողմ է պահանջին, որ լինի աշխատավարձի կոնկրետ սահմանված չափ, ինչի պայմանավորվածության էլ եկել են: «Ֆիքսված աշխատավարձն ամենաճիշտն է, և կարևոր էլ չի՝ նո՞ր բուժքույր է, թե հին, նորերը շատ ավելի շատ են վազվզում: Բոլորի աշխատավարձերը պետք է լինեն հավասար»,-ասաց նա:

Թե ինչու են գումարները նվազել, գլխավոր բուժքույրը նշեց, որ տեղյակ չէ, բայց ըստ պարզաբանման՝ նվազումները ինչ-որ մեկի կամայականությունը չեն: «Ասացին՝ կվերանայեն, կշտկվի այդ հարցը, ձեր պահանջները կբավարարենք»,-ասաց նա:

Ի դեպ, Անահիտ Օհանյանն ասաց, որ հիվանդների քանակը ավելացել է, քանի որ բաժանմունքն ընդլայնվել է, և դրա հետ մեկ տեղ ավելացել է ևս մեկ հերթապահության կետ: «Այնպես չի, որ բուժքույրերի քանակը քիչ է մնացել, հիվանդների քանակն էլ ավելացել է»,-ասաց նա:

Բուժքույրերը հակադարձեցին, թե «պոստի» ավելացումը իրենց որևէ կերպ չի օգնում: «Այո, պոստ է համարվում, բայց ինքը չի գալիս ինձ օգնում, դա կաթնախոհանոցի բաժինն է, կաթ են պատրաստում: Ես առաջ աշխատում էի 3 հիվանդի հետ, այսօր կամ 6 հիվանդի հետ, կամ 8 հիվանդի հետ, կամ 10 հիվանդի հետ եմ աշխատում»,-ասաց քույրերից մեկը:

Քիչ հետո բողոքող բուժքույրերի մոտ վերադարձով նաև գլխավոր բժիշկը և հայտարարեց, թե քննարկումից հետո փոխըմբռնում կա և պետք է միջադեպը սպառված համարեն:

«Համոզվել եք, որ ձեր աշխատավարձերի բաշխման մեջ որևիցե սխալ չկա, ամեն ինչ արված է օրենքի տառին, համապատասխան որոշումներին համապատասխան, այլ բան է, որ աշխատավարձերի չափը չի գոհացնում ձեզ։ Դա միգուցե ոչ միայն ձեր խնդիրն է, դա համընդհանուր խնդիր է, նաև պետության խնդիր է: Մենք քննարկեցինք տարբերակ, որը ձեր ուզածով էր, և դրա համար որոշվեց աշխատանքային օրացույց կազմել, հասկանալ, թե ինչպես ենք հասնելու այդ որոշմանը, որը ձեր ուզածով է»,-ասաց նա: