Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր մաս է կազմում. Նիկոլ Փաշինյանը՝ «Էխո Մոսկվի»-ին (տեսանյութ)

11:22 • 26.07.18

Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էխո Մոսկվի» («Эхо Москвы») ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում՝ պատասխանելով ռուս սահմանապահների և ռուսական ռազմաբազայի հետ կապված դիրքորոշման հնարավոր փոփոխությունների վերաբերյալ հարցին:

Նիկոլ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ իր հայտարարությունները չեն նկատում որոշ ռուս քաղաքագետներ և փորձագետներ, և կրկնել է, որ ռուսական ռազմաբազան շարունակելու է մնալ Հայաստանում:

«Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազային, այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում: Որովհետև մենք ունենք պայմանագրեր, և այդ պայմանագրերով այդ ռազմաբազան ունի կոնկրետ պարտավորություններ: Դա չի նշանակում, որ մենք ոչ մի խնդիր չունենք ռազմաբազայի գործունեության հետ կապված, և այլն, և այլն: Բայց, ընդհանուր առմամբ, ես ասել եմ, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին: Դա մի բան չէ, որ համապատասխանում է իմ պատկերացումներին կամ այս կամ այն կառավարության պատկերացումներին: Դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին, դա պարզ է բոլորին»,- ասել է ՀՀ վարչապետը:

Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյոք պահպանվելու է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը հսկող ռուս սահմանապահների և 102-րդ ռազմաբազայի հետ կապված ստատուս-քվոն, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ «Այո, իհարկե»: