«Հիմա մեր նպատակն է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելը». Փաշինյանը «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում բացառել է ՆԱՏՕ-ին անդամակցելը

10:00 • 26.07.18

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» («Эхо Москвы») ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին՝ քննարկելով տարատեսակ հարցեր`այդ թվում նաև ՆԱՏՕ-ին անդամակցության հավանականությունը:

Վենեդիկտովի հարցին, թե արդյոք Հայաստանը կձգտի դեպի Հյուսիսատլանտյան դաշինք, Փաշինյանը կտրուկ «ո՛չ» է ասել: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է բացատրել նման դիրքորոշումը:

«Ինչո՞ւ ոչ, որովհետև մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, ու ներկայում մեր նպատակն է տվյալ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն ավելի ու ավելի արդյունավետ դարձնելը: Մենք որոշակի հարցեր ունենք ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերներին, ու հիմա մեր նպատակն է այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելը»,-մանրամասնել է Փաշինյանը:

«Այնուհանդերձ, Դուք մասնակցեցիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,-նկատել է Վենեդիկտովը, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է, որ Բրյուսելում մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլ ՆԱՏՕ-ի շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողովին:

«Այսինքն՝ ՆԱՏՕ-ի շրջանակում մենք մասնակցում ենք որոշ ծրագրերի՝ այդ թվում նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը, մենք ունենք ընդհանուր ծրագրեր: Մենք ՆԱՏՕ-ի հետ առաջին տարին չէ, որ համագործակցում ենք: Դա տևում է շատ երկար ու շարունակվելու է»,-ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ տվյալ համագործակցությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ:

Փաշինյանը հավելել է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերին մասնակցելը Հայաստանին հնարավորություն է տալիս համագործակցել Վրաստանի հետ: