Իսպանիայի ու Մարոկկոյի սահմանին բախումներ են տեղի ունեցել ներգաղթյալների ու ոստիկանների միջև, կան տուժածներ
Իսպանական Սեուտա անկլավի ու Մարոկկոյի սահմանին բախումներ են տեղի ունեցել ներգաղթյալների ու ոստիկանների միջև, ինչի հետևանքով տուժածներ կան երկու կողմից էլ:
Ինչպես նշում է Europa Press գործակալությունը, մի քանի հարյուր մարդ փորձել է անցնել Մարոկկոյի և Իսպանիայի միջև սահմանը:
Գործակալության տվյալների համաձայն՝ սահմանի 7 մետրանոց ցանկապատերը գրոհել է 400-600 մարդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կարմիր խաչի գրասենյակին է դիմել 390 մարդ, 11-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Բախումների հետևանքով տուժել է Քաղաքացիական գվարդիայի 22 աշխատակից:
Նշվում է, որ ներգաղթյալները փորձել են կտրել ցանկապատերի փշոտ մետաղալարերն անկյունահղկիչների օգնությամբ:
Իսպանա-մարոկկական սահմանին՝ Սեուտա և Մելիլյա անկլավներում, փշոտ մետաղալարերով բարձր ցանկապատեր են տեղակայված, որոնց վրայով ներգաղթյալները փորձում են անցնել Իսպանիայի տարածք: Ընդ որում՝ նրանք ստիպված են լինում ժամերով նստել արգելապատնեշների վրա, մինչ իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են հետ մղել նրանց:
Ավելի վաղ իսպանական իշխանությունները հայտնել են, որ փշոտ մետաղալարերը կհեռացվեն «մարդասիրական նկատառումներով»:










