Շվեդ ուսանողուհին հրաժարվել է ինքնաթիռ նստել՝ թույլ չտալով աֆղանցի տղամարդու արտաքսումը երկրից (տեսանյութ)

16:47 • 26.07.18

Գյոթեբորգի օդանավակայանում թռիչքի պատրաստվող ինքնաթիռում շվեդ ուսանողուհին բողոքի ակցիա է իրականացրել՝ թույլ չտալով նույն չվերթով աֆղանցի փախստականի արտաքսումը Շվեդիայից։ Նա հրաժարվել է նստել, մինչև տղամարդուն չհեռացնեն ինքնաթիռից, հայտնում է The Guardian-ը:

Նա իր բողոքի տեսանյութը հեռարձակել է համացանցում, այն արագորեն մեծ տարածում է գտել:

«Ես հույս ունեմ, որ մարդիկ կսկսեն հարցականի տակ դնել փախստականների նկատմամբ իրենց երկրների քաղաքականությունը: Մենք պետք է սկսենք նկատել մարդկանց, որոնց կյանքերը կործանում են մեր իմիգրացիոն քաղաքականությունները»,- ասել է 21-ամյա Էլին Էրսոնը The Guardian-ի հետ զրույցում:

Գյոթեբորգի համալսարանի ուսանողուհին դեպի Թուրքիա տոմս է գնել, որպեսզի թույլ չտա Շվեդիայից տղամարդու արտաքսումը, որը պետք է նախ մեկներ Թուրքիա, այնտեղից էլ՝ Աֆղանստան:

Ինքնաթիռ բարձրանալուց հետո Էրսոնը սկսել է ուղիղ միացմամբ հեռարձակել իր բողոքը: Տեսանյութը միայն երեքշաբթի մոտ 4 միլիոն դիտում է գրանցել:

«Ես չեմ պատրաստվում նստել, մինչև այդ տղամարդը չհեռացվի ինքնաթիռից»,- հայտարարել է ուսանողուհին:

Լարված րոպեներից հետո, որի ընթացքում օդանավակայանի իշխանությունները հրաժարվել են ուժ կիրառել Էրսոնին դուրս հանելու համար՝ չնայած որոշ զայրացած ուղևորների վրդովմունքին, ուղևորներն ի վերջո ծափահարել են, երբ արտաքսվող փախստականին դուրս են հանել ինքնաթիռից: