Էկվադորի նախագահը հայտարարել է, որ Ասանժը պետք է հեռանա Լոնդոնում երկրի դեսպանատնից, որտեղ գտնվում է 2012 թվականից
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն ի վերջո պետք է հեռանա Լոնդոնում երկրի դեսպանատան շենքից, հայտնում է Reuters գործակալությունը:
Նա հավելել է, որ արդեն քննարկել է ստեղծված իրավիճակը բրիտանական իշխանությունների հետ:
Նախօրեին այն մասին, որ WikiLeaks-ի հիմնադիրը չի կարող հավերժ մնալ Էկվադորի դեսպանատանը, ասել էր նաև երկրի արտգործնախարար Խոսե Վալենսիան: Դիվանագետը կոչ է արել քննարկել խնդիրը միջազգային իրավունքի շրջանակում՝ երեք կողմերի հետ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության, Էկվադորի կառավարության և Ասանժի փաստաբանների:
Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից: Դեսպանատան շենքից դուրս գալու դեպքում Ասանժին սպառնում է ԱՄՆ արտահանձնում և 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ՝ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:










