Եթե Ռուսաստանն ունենար լծակներ, որոնցով կճնշեր Ադրբեջանին, ապա Քառօրյա պատերազմը չէր լինի. Մոդեստ Կոլերով
Ռուսաստանը չունի լծակներ, որպեսզի զսպի Ադրբեջանի ռազմական նկրտումները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ խոսելով Հայաստանի վարչապետի այն տեսակետի մասին, թե Ռուսաստանն ունի լծակներ՝ կանխելու պատերազմը:
Նշենք, որ ''Эхо Москвы''-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե տարածաշրջանում լարված իրավիճակ է, Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, և կա պատերազմի մեծ հավանականություն:
«Հայաստանում բոլորը վստահ են, որ Ռուսաստանում կան բոլոր միջոցները՝ թույլ չտալու լարվածության նոր աճ և զսպելու Ադրբեջանին: Չեմ հավատում, որ Ռուսաստանը չի կարող օգտագործել լծակները՝ կանխելու պատերազմը: Չեմ կարող հավատալ, որ մեր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:
«2016թ.-ի ապրիլին Ռուսաստանը ջանքեր գործադրեց՝ կանգնեցնելու պատերազմը, և հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով լծակների առկայության մասին, ոչ թե բնութագրում է իրավիճակը, այլ կոչ է անում, հորդորում է գործադրել ջանքեր: Այնինչ ես կարծում եմ, որ Ռուսաստանում չկան 100 տոկոսանոց լծակներ, որոնք հնարավորություն կտան կանխել պատերազմը: Եթե ՌԴ-ը նման լծակներ ունենար՝ 2016թ.-ի քառօրյա պատերազմը չէր լինի»,- ասաց Մոդեստ Կոլերովը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը 2 տարի առաջ պատերազմ սկսեց իր սեփական որոշմամբ և օգտագործեց քաղաքական դադարը: «Կրկնում եմ՝ եթե Ռուսաստանն ունենար լծակներ, որոնցով կճնշեր Ադրբեջանին, 2016թ.-ի Քառօրյա պատերազմը չէր լինի: Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՌԴ-ն ամեն դեպքում ունի նման լծակներ, ես դիտարկում եմ որպես կոչ՝ ուշադրություն դարձնելու խնդրին»,- նշեց Կոլերովը:
Վերլուծաբանը համաձայնեց միայն այն հարցում, որ պատերազմն իսկապես մոտ է:
Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ զենքի վաճառքի արգելման հետ կապված, Մոդեստ Կոլերովն ասաց, որ այս հարցում որևէ կերպ չի ազդում այն հանգամանքը, որ Հայաստանում նոր իշխանություններ են հաստատվել: Ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամ-պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, զենքի էմբարգոյի հարցում շարունակելու են նույն դիրքորոշումը: Միաժամանակ Կոլերովը շեշտեց՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին զենք չվաճառելու արգելք սահմանելու պահանջը միանգամայն արդարացի է, օրինական:
«Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ունի լիարժեք իրավունք ՀԱՊԿ մյուս անդամ-պետություններից պահանջելու էմբարգո, պահանջելու, որ ռազմական համագործակցություն չհաստատեն Ադրբեջանի հետ: Ռուսաստանից պարզաբանում են, որ զենք են վաճառում Ադրբեջանին մի պայմանով, որ Բաքուն չկիրառի այն սահմանին, բայց ռուսական բացատրությունը բավարար չէ, որովհետև Ադրբեջանը ծանր զենք է կիրառել: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի պահանջն արդարացի է»,- նշեց նա:
Մոդեստ Կոլերովը նկատեց, որ զենքի վաճառքի հարցը Ադրբեջանին չի լուծվի միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը թույլ կազմակերպություն է և կարող է միայն սպառազինության արտահանման կամ ներկրման համար մաքսատուրք չսահմանել:










