Չինաստանում զբոսաշրջիկը պատահաբար 100 անգամ վճարել է տաքսուց օգտվելու համար ու հետ ստացել գումարը
Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում ամերիկացի զբոսաշրջիկը պատահաբար 100 անգամ վճարել է տաքսուց օգտվելու համար, սակայն տաքսու վարորդը՝ Չժան Պենը, վերադարձրել է նրան ավելորդ գումարը՝ գրեթե հազար դոլար: Այս մասին հայտնում է The Drive-ը:
Չժանը նկատել է սխալը, երբ բացել է իր առցանց հաշվի դրամապանակն ու 6.500 յուան (960 դոլար) դեպոզիտ հայտնաբերել այնտեղ:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վարորդը հասկացել է, որ վճարումն արել են ամերիկացի զբոսաշրջիկները, որոնց ինքը կայարանից հասցրել է հյուրանոց: Նման ուղևորության գինն ընդամենը 65 յուան է (10 դոլար): Տաքսու դիսպետչերը չի օգնել հասկանալ իրավիճակը, և Չժանը վերադարձել է հյուրանոց՝ իր հաճախորդներին գտնելու համար:
Նշվում է, որ տաքսու վարորդը տեղեկացրել է տեղի ունեցածի մասին հյուրանոցի ընդունարանում, և ամերիկացուն գտել են: Վերջինս, շնորհակալ լինելով ազնվության համար, Չժանին առաջարկել է 3.200 յուան (472 դոլար), սակայն վարորդը վերադարձրել է ամբողջ գումարը, նույնիսկ 65 յուանը, որը պետք է վճարվեր երթևեկության համար:
Ամերիկացին համացանցում հիացական արձագանք է թողել Չժանի մասին՝ նշելով, որ ինքը շատ է գնահատում վարորդի ազնիվ արարքը:
«Որոշ մարդկանց համար փողը միակ նպատակն է... Ես հիացած եմ, որ գումարը վերադարձրին ինձ: Շատ եմ գնահատում դա»,- գրել է ամերիկացին:










