Հունաստանի իշխանությունները հրդեհների հնարավոր պատճառ են անվանել դիտավորյալ հրկիզումը
Հունաստանի իշխանությունները լուրջ հիմքեր ունեն ենթադրելու, որ Աթենքի մոտակայքում մոլեգնող անտառային հրդեհները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 83 մարդ, առաջացել են դիտավորյալ հրկիզման հետևանքով: Այդ մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Նիկոս Տոսկասը, գրում է Reuters գործակալությունը:
Տոսկասի խոսքով՝ հրկիզման մասին վկայում են արբանյակային լուսանկարներն և տեղում իրականացված ստուգումների արդյունքները:
Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը BBC-ի հետ զրույցում հրդեհների հետևանքով գրանցված զոհերի մեծ քանակի պատճառներից մեկն էր անվանել ինքնաշեն կառույցների առկայությունը, որը բարդացրել է մարդկանց տարհանումը:
Հուլիսի 23-ին Աթենքի շրջակայքում և Հունաստանի այլ շրջաններում ուժեղ անտառային հրդեհներ են սկսվել: Կրակն արագ տարածվել է քամու պատճառով և գրեթե ամբողջությամբ ոչնչացրել Մատի զբոսաշրջային քաղաքը, որտեղ գրանցվել են ամենաշատ զոհերը:





























