Մասիսում մի շարք քաղաքացիներ ընտանեկան նպաստը չդադարեցնելու համար 8 տարի գումար են վճարել Սոցապնախարարության աշխատակիցներին. Դատախազություն

18:18 • 27.07.18

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ:
 
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հուլիսի 13-ին ՀՀ դատախազություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ քաղաքացուց ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա նպաստի գումարն իրենց տալու պահանջի վերաբերյալ: Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու հանձնարարությամբ այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների պահանջով Արարատի մարզի Այնթապ և Նոր Խարբերդ համայնքների մի քանի բնակիչներ, սկսած 2010 թվականից մինչև 2018թ. փետրվար, ընտանեկան նպաստը չդադարեցնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպաստի գումարից մաս-մաս, անմիջապես կամ միջնորդի միջոցով, նրանց են տվել զգալի  չափերով գումարներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից   ապօրինի վարձատրություն ստանալու և նպաստառու քաղաքացիների կողմից այդպիսի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով և 312.1-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին: