«ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների թվում մեկ կամ երկու բռնապետ կա». Թրամփ

17:43 • 27.07.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների թվում կա «մեկ կամ երկու բռնապետ»: Այդ մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Իլինոիս նահանգում, որի ժամանակ անդրադարձել է Բրյուսելում հուլիսի 11-12-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է Washington Examiner-ը:

«ԶԼՄ-ները գրում են, որ ես վատ եմ վերաբերել ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին, անհարգալից՝ այդ թագավորների, թագուհիների, նախագահների, վարչապետների, բռնապետի կամ երկու բռնապետի նկատմամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը չի պարզաբանել, թե ում նկատի ունի: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նա լավ աշխատանք է տարել, բայց «ԶԼՄ-ներն այդ մասին չեն խոսում»:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնել են ավելացնել իրենց պաշտպանության ծախսերը... Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ առանց նախագահ Թրամփի այդ մարդիկ չէին վճարի ինչպես հարկն է, իսկ այժմ նրանք վճարում են»,- հայտարարել է նա: