Պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան

17:49 • 28.07.18

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի

հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Մատարելան հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը: