Մադրիդի և Բարսելոնայի տաքսիստները անժամկետ գործադուլ են հայտարարել

20:23 • 28.07.18

Բարսելոնայի և Մադրիդի տաքսիստների մի մասն անժամկետ գործադուլ է հայտարարել Uber և Cabify ընկերությունների դեմ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրանք պահանջում են սահմանափակել VTC թույլտվությունների տրամադրումը, որոնցից օգտվում են այդ ծառայությունների վարորդները:

Մադրիդում տաքսիստները չեն տեղափոխում ուղևորներին «Ադոլֆո Սուարես» օդանավակայանից և «Ատոչա» կայարանից, վարորդները փորձում են արգելափակել քաղաքի որոշ փողոցներ՝ չափազանց դանդաղ երթևեկելով:

Բարսելոնայում գործադուլը սկսվել է դեռ հուլիսի 25-ին, ուրբաթ տաքսիստները փակել են մի քանի փողոց՝ կաթվածահար անելով քաղաքում երթևեկությունը, ինչպես նաև El Prat օդանավակայան տանող ճանապարհը:

Բարսելոնայի տաքսիստների ասոցիացիացիաները հայտարարում են, որ գործադուլին մասնակցում է մոտ չորս հազար մարդ: Քաղաքի տաքսիստները կոչ են անում Իսպանիայի այլ քաղաքներում իրենց գործընկերներին աջակցել իրենց ակցիան, նրանց են արդեն միացել մի քանի հարյուր տաքսիստներ Սեվիլյայից, Բիլբաոյից և Սարագոսայից: