Volkswagen-ի նախկին ղեկավարը կասկածվում է հարկային խարդախության համար
Volkswagen ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Մարտին Վինթերքորնը կասկածվում է Գերմանիայում հարկային հանցագործություններ իրականացնելու համար: Այդ մասին հայտնում է Bild թերթը՝ վկայակոչելով Բրաունշվեյգ քաղաքի դատախազության հետաքննության տվյալները:
Լրատվամիջոցի տվյալներով՝ փողերի լվացման մասին հետաքննությունը սկսվել է դեռ 2017 թվականին, երբ Sparda բանկի աշխատակիցը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով ստուգել Մարտին Վինթերքորնի հաշվից Մյունխենում նրա հարկային խորհրդականին արված 2 և 5 միլիոն եվրոյի չափով փոխանցումների օրինականությունը: Հաշիվների ստուգումների ընթացքում պարզվել է, որ Volkswagen-ի ղեկավարը ևս 10 միլիոն եվրոյի կասկածելի փոխանցումներ է արել, որից 3,5 միլիոն եվրոն՝ իր կնոջը:
Բացի դրանից, դատախազները ուշադրություն են դարձրել 2,7 հազար եվրոյի չափով Վիթերքորնի ամենամսյա փոխանցումներին իր որդուն, որից 2,5 հազար եվրոն նա որոշ ժամանակ անց փոխանցում էր իր հոր մեկ այլ հաշվին: Այդկերպ, քննության կարծիքով, Մարտին Վինթերքորնը փորձում էր գումարների մի մասը գաղտնի պահել հարկային ծառայություններից այն դեպքում, եթե նա ստիպված լիներ անձամբ վճարել «դիզելգեյթ»-ի համար:
Volkswagen-ի նախկին ղեկավարի փաստաբանը իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքները հորինված է անվանել՝ ընդգծելով, որ քաղաքացիներն իրավունք ունեն տնօրինել սեփական գումարները ինչպես կամենան:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Միչիգանի դատախազությունը Մարտին Վինթերքորնին, ով գլխավորում էր Volkswagen ընկերությունը 2007-ից 2015 թվականներին, մեղադրանքներ է առաջադրել դիզելային ավտոմեքենաների արտանետումների հետ կապված խարդախության համար:










