ԱՄՆ-ում նախազգուշացրել են Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու առնչությամբ
Հանրապետական կուսակցությունից ամերիկացի սենատորները նամակներ են ուղարկել ԱՄՆ-ում Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներ՝ նախազգուշացնելով նրանց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու հետ կապված այդ երկրների մտադրությունների վերաբերյալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հաղորդել է t-online.de պորտալը, նամակները դեսպանատներ են ուղարկվել հինգշաբթի: Այդտեղ նշվում է, որ ամերիկյան պատժամիջոցները պարզապես կառավարական որոշում չեն, «դրանցից շատերը Կոնգրեսի կողմից ընդունված դաշնային օրենքների հետևանք են»:
«Մենք գրում ենք ձեզ՝ կոչ անելու համար պահպանել բոլոր ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև ընդգծելու, որ մեր հատուկ անհանգստությունն են առաջացնում ձեր փորձերը շրջանցել ամերիկյան օրենքները»,- նշվում է նամակում:
Սենատորները նաև նշել են, որ եվրոպական երկրների կողմից պատժամիջոցները շրջանցելու փորձերը հետևանքներ կունենան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո: Վաշինգտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ գործարքի պայմանները:










