Որոշ հարցերի բարձրաձայնումը կարող է նպաստել դրանց կարգավորմանը. քաղաքագետը՝ ՀՀ վարչապետի՝ ԵԱՏՄ նիստին մասնակցության մասին
Մինչև Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար, արդեն քննարկումներ կային, թե ինչու է Հայաստանը վարչապետի մակարդակով ներկայանում:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ վերլուծելով վարչապետի այցը ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Նա նկատեց՝ այցն արդյունավետ էր, իսկ Հայաստանը ներկայացնելու հարցը պարզապես իրավական դաշտում կարգավորվող խնդիր էր, քաղաքական ենթատեքստեր փնտրելու կարիք չկա:
«Փաշինյանը հանդես եկավ պարզաբանմամբ, որ առկա է որոշակի խնդիր իրավական հարթության մեջ, մասնավորապես նշված է, որ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին անպայման պետք է մասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարության ղեկավարները: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները կամ կիսանախագահական, կամ էլ նախագահական կառավարման համակարգի են: Հիմա, երբ Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական համակարգի, փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում ԵԱՏՄ և այլ կառույցների հետ ընթացակարգերում»,- ասաց նա:
Նկատեց, որ քննարկումները ծնվեցին այն պատճառով, որ նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ երկրի ղեկավարը վարչապետն է, նա պետք է մասնակցի օրինակ՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, իսկ կառավարության ղեկավարների մակարդակով հանդիպումներին պետք է ներկայանա առաջին փոխվարչապետը, որը նաև տնտեսական բլոկի պատասխանատուն է:
«Հաշվի առնելով, որ նման կառույցներում անգամ կետային փոփոխությունները կանոնադրությունների, ընթացակարգային փաստաթղթերի մեջ բավական երկար ժամանակ է պահանջում, և քանի որ Փաշինյանի բացակայությունն էլ խոչընդոտներ կստեղծեր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի համար, որոշումների կայացման գործընթացը կարգելափակվեր, Հայաստանը որոշեց մասնակցել՝ վարչապետի մակարդակով»,-ասաց նա և հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով Հայաստանի մասնակցությունը կարևոր էր:
Ըստ Նարեկ Մինասյանի՝ դա նաև դրական «մեսիջ» և հավաստումն էր այն մասին, ինչի վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունները ընտրվելուց հետո հայտարարում էին՝ ՀՀ-ն վստահեցրել է, որ իր գերակայություններից է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում արդյունավետության բարձրացումը:
«Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին կարևոր էր, պետք էր՝ հաշվի առնելով եղած նրբությունները: Բնականաբար նիստի շրջանակներում որոշակի կարևոր հիմնախնդիրների կարևոր անդրադարձ եղավ: Նիստը կարևոր էր թվային օրակարգի գերակայությունը հաստատելու տեսանկյունից: Դա մի ոլորտ է, որտեղ Հայաստանն ունի ասելիք, և դա կամրապնդի նրա դիրքը կառույցում: Բայցի այդ՝ գազի գնագոյացման մասին քննարկումը շատ կարևոր էր, հատկապես երբ հաշվի ես առնում, որ այդ թեման շատ է հետաքրքրում հայաստանյան հանրությանը: Նման քննարկումները բավականին ակտուալ էին: Նման թեմաներով քննարկումները նաև երկկողմ քննարկման հնարավորություններ են տալիս»,- նշեց նա:
Հայկական կողմի հավաստիացումները Ռուսաստանին՝ իր հավատարմության մասին, ըստ քաղաքագետի, բնական են:
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերութուններն ունեն ռազմավարական և դաշնակցային բնույթ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները նաև ինչ-որ առումով անսպասելի էին ռուսական կողմի համար, և մյուս կողմից շահարկումներ էին լինում տարբեր հանգամանքների մասին, նաև ադրբեջանական կողմի միջնորդությամբ, տրամաբանական է դառնում, որ հայկական կողմը քայլեր է ձեռնարկում ցրելու բոլոր կասկածները, որ կարող են լինել ռուսական կողմի մոտ»,- ասաց նա:
Մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը բազմիցս է քննադատել ԵԱՏՄ-ի գործունեությունը, հիմա էլ հայտարարում է, որ պետք է կառույցում Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնի: Հարցին, թե արդյոք միայն Հայաստանից է կախված այդ արդյունավետության բարձրացումը, քաղաքագետը պատասխանեց. «Արդյունավետության բարձրացում ասելով՝ վարչապետը նկատի ունի, որ խնդիրները պետք է քննարկել ոչ թե կուլիսներում՝ փակ դռների հետևում, այլ փորձել հին հարցերը նոր հարցադրումների տեսքով բարձրաձայնել: Իհարկե, ոչ բոլոր հարցերը կարելի է բաց քննարկել: Բայց պետք է լինի այն հարցերի բարձրաձայնումը, որոնք մտահոգիչ են եղել հայաստանյան հանրության համար: Տարբեր զգայուն հարցերի մասին բարձրաձայնումը կառույցների տարբեր հանդիպումների ժամանակ նաև «մեսիջ» է հանրության համար, որ խնդիրները չեն անտեսվել, դրանք օրակարգում են: Բացի այդ՝ որոշ հարցերի բարձրաձայնումը կարող է նպաստել դրանց կարգավորմանը»։










