Բելգրադում սպանել են Սլոբոդան Միլոշևիչի փաստաբանին

12:40 • 29.07.18

Հուլիսի 28-ի երեկոյան Բելգրադի Նովի Բելգրադ թաղամասում սպանվել է հայտնի սերբ փաստաբան Դրագոսլավ Օգնյանովիչը: Իր որդու հետ 57-ամյա Օգնյանովիչը մոտենալիս է եղել իր տանը, երբ նրանց է մոտեցել մի տղամարդ և մի քանի կրակոց արձակել: Փաստաբանը տեղում մահացել է, նրա որդին վիրավորվել է, հայտնում է rbc.ru-ն:

ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել սպանության մեջ կասկածվողին: Նրա անունը և հանցագործության շարժառիթները դեռ չեն նշվում:

Սերբիայի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Վիկտոր Գոստիլյացը հայտարարել է, որ բոլոր սերբ փաստաբանները ցնցված են տեղի ունեցածով և պահանջում են իրավապահ մարմիններից հետաքննություն անցկացնել: Փաստաբանների մի մասը հայտարարել է, որ որպես բողոքի նշան՝ հաջորդ շաբաթ մտադիր է հրաժարվել աշխատել:

Օգնյանովիչը հայտնի է Հաագայի տրիբունալում Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի պաշտանությանն իր մասնակցությամբ: Նա և Զդենկո Տոմանովիչը միակ սերբ փաստաբաններն են եղել, որոնց թույլ է տրվել անձամբ շփվել Միլոշևիչի հետ, երբ նա խցիկում էր: Դատն ավարտվել է նրանով, որ Միլոշևիչը մահացել է բանտում սրտի կաթվածից 2006 թվականի մարտին: Արդյունքում՝ դատավճիռ այդպես էլ չի կայացվել, իսկ Հարավսլավիայի նախկին նախագահի նկատմամբ գործը փակվել է:

Վերջին տարիներին Օգնյանովիչը զբաղվել է Սերբիայի և Մոնտենեգրոյի քրեական աշխարհի առաջնորդների պաշտպանությամբ: Վերջին տարիներին նա ներկայացնում էր քրեական հեղինակություն Լուկա Բոյովիչին: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վերջին մի քանի ամիսներին Բելգրադում սպանվել են Բոյովիչի մի քանի ընկերներ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դա կապված է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող քրեական խմբերի պատերազմի հետ: