Սկրիպալի ու նրա դստեր դեմ մահափորձին մասնակցել են երկու հանցավոր խմբեր.The Mirror

17:19 • 29.07.18

Բրիտանական ոստիկանությունը կարծում է, որ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլիա Սկրիպալի դեմ մահափորձի հետևում կանգնած են երկու ռուսաստանյան հանցավոր խմբեր, որոնք գործել են միասին, այս մասին գրում է The Mirror պարբերականը՝ հղում անելով քննչական մարմիններում ունեցած իր աղբյուրին։

Նշվում է, որ խմբերից մեկը հասցրել է «Նովիչոկ» կոչվող թունավոր նյութը Մեծ Բրիտանիա, իսկ մյուս խումբը նախաձեռնել է բուն թունավորման գործընթացը։ Այժմ Սքոթլանդ Յարդի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը քննում է հենց այս վարկածը։

Բացի դրանից, նշվում է, որ քննիչները ենթադրում են, որ տարան, որում գտնվել է «Նովիչոկը», դեռ կարող է լինել Մեծ Բրիտանիայի տարածքում, ինչն էլ սպառնալիք է հանդիսանում տեղի բնակչության համար։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել: