Մեծ Բրիտանիայում ծնողները դատապարտվել են ազատազրկման՝ դստերն ուժով ամուսնացնելու փորձի համար

20:11 • 30.07.18

Մեծ Բրիտանիայում բնակվող զույգը դատապարտվել է ութ տարի ժամկետով ազատազրկման՝ իրենց դստերն ուժով ամուսնացնելու փորձի համար: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամուսինները փորձել են խորամանկությամբ ամուսնացնել իրենց դստերը իրենց բարեկամի հետ: 2016 թվականին իրենք ասել են իրենց երեխաներին, որ միասին մեկնում են Բանգլադեշ՝ հանգստանալու համար: Ընտանիքը հասել է երկրի գյուղերից մեկը, և ամուսիններն ասել են 18-ամյա դստերը, որ նա ամուսնանում է իր զարմիկի հետ:

Աղջիկը հրաժարվել է անել դա, և նրա հայրը խոստացել է կտրել նրա վիզն ու մասնատել նրան:

«Նա փորձել է ստիպել ինձ համաձայնել, սակայն ես ոչ մի պայմանում չեմ ասել «այո»: Այս ամենն ուղղակի նողկալի է», - ասել է աղջիկը դատարանում:

Արդյունքում աղջկան հաջողվել է կապվել բրիտանացի  դիվանագետների հետ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում, որոնք տեղական իշխանությունների օգնությամբ անվտանգ վայր են տեղափոխել նրան:

2018 թվականի մայիսին ծնողները մեղավոր են ճանաչվել ստիպողական ամուսնություն կազմակերպելու, ինչպես նաև՝ բռնության և սպառնալիքների համար: