ՔՊ-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջատարն է լինելու, Հայկի թեկնածությունից Երևանը չի տուժի. սոցիոլոգ
«Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջատարն է լինելու, այս պահին այլ հեռանկար չեմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը` հիշեցնելով, որ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն է լինելու: Նա նշեց, որ ՔՊ-ն բարձր լեգիտիմություն կունենա որպես քաղաքային իշխանություն:
Անդրադառնալով հարցին՝ ինչ ազդեցություն կունենա Հայկ Մարությանին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրելու որոշումն ընտրությունների արդյունքի վրա` հաշվի առնելով այն, որ նրա թեկնածության հետ կապված կան նաև դժգոհություններ, քննադատություններ, Կարեն Սարգսյանն ասաց, որ ՔՊ-ն և քաղաքը, նրա թեկնածությունից չեն տուժի:
«Ես Հայկոյին ճանաչում եմ ոչ միայն որպես դերասան, հումորիստ, այլ նաև որպես բիզնեսմեն, մենեջեր: Չգիտեմ՝ ինչպիսին կլինի որպես քաղաքապետ, «սիթի մենջերի» գործառույթները մի փոքր տարբեր են, բայց պիտի հասկանանք, որ որպես այդպիսիք, Հայաստանում «սիթի մենեջերներ» չկան: ՔՊ-ի եղած, քննարկված թեկնածուների շարքում ինձ համար սա ամենավատ թեկնածությունը չէ, ՔՊ-ն ունի կադրեր, որոնց թեկնածությանը կտրականապես դեմ էի: Որպես քաղաքացի, որպես սոցիոլոգ՝ ես էլ կփորձեմ շատ բան անել, որ հաջողության հասնի, նա ունի լսելու ունակություն, լիբերալ արժեքների տեր է, վստահ եմ՝ կստեղծի թիմ և թիմային կաշխատի»,-մանրամասնեց Կարեն Սարգսյանը:
Սոցիոլոգի խոսքով` Երևանի քաղաքապետ լինելու համար առաջին հերթին պետք է քաղաքի խնդիրներին տիրապետել, խորապես ճանաչել քաղաքը, քաղաքականությանը լավ տիրապետելը նվազ կարևոր է:
«Հսկայական խնդիրներ կան քաղաքում լուծելու, և այդ խնդիրների լուծման ճանապարհին քաղաքականությունով զբաղվելու շատ քիչ ժամանակ է մնում: Հայկոն շանսեր ունի Երևանի քաղաքապետի պաշտոնում հաջողության հասնելու»,-նկատեց սոցիոլոգը:
Կարեն Սարգսյանը հիշեցրեց, որ Հայկ Մարությանը բավականին ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, կարևորում է կոռուպցիոն ռիսկերի բացառումը, մարդու իրավունքների ապահովման ջատագովն է:
Կարեն Սարգսյանն ասաց, որ Զարուհի Փաստանջյանին չի դիտարկում որպես Հայկ Մարությանի մրցակցի, եթե ԲՀԿ-ն առաջադրի Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, ապա նա կարող է դիտարկվել՝ կուսակցական ռեսուրսները հաշվի առնելով, բայց միևնույն է, հեռանկարն այն է, որ հաղթելու է ՔՊ-ն:
«Ակնհայտ է, որ Զարուհի Փոստանջյանը մրցակից չէ, կոյուղաջուր լցնող մարդը չի կարող հավակնել քաղաքապետի պաշտոնին: Շատ սուր խոսող ընդդիմություն է, չպայմանավորվող, մինչև վերջ գնացող, բայց ակնհայտ է, որ երբեք քաղաքապետ չի դառնա»,-եզրափակեց սոցիոլոգը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին։ Երևանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել էր 2017 թվականի մայիսին, և նա առավելագույն ձայներով դարձել էր Երևանի քաղաքապետ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:










