Բարսելոնայի տաքսու վարորդները սպառնում են արգելափակել սահմանը, գնացքի կայարաններն ու օդանավակայանը

17:53 • 30.07.18

Բարսելոնա քաղաքի տաքսու վարորդները շարունակում են անժամկետ գործադուլը: Այժմ նրանց են միացել այլ քաղաքների՝ այդ թվում նաև Մադրիդի, Մալագայի, Վալենսիայի, Ալիկանտեի, Սարագոսայի, Սևիլիայի տաքսու վարորդները, հայտնում է ria.ru-ն:

Նախորդ շաբաթ Բարսելոնայում սկսված գործադուլի կազմակերպիչները սպառնում են արգելափակել Ֆրանսիայի հետ սահմանը, նավահանգիստները, օդանավակայանները, գնացքի կայարանները: Այս մասին հայտարարել է Élite Taxi կազմակերպության ներկայացուցիչ Ալվարո Ալվարեսը:

Նշվում է, որ վարորդները նման քայլի կդիմեն, եթե հուլիսի 30-31-ին իշխանությունների հետ կայանալիք հանդիպմանն իրենց պահանջները չբավարարվեն:

Հայտնի է, որ տաքսու վարորդները բողոքում են իշխանությունների կողմից տրամադրվող նոր՝ VTC տիպի արտոնագրերի դեմ, որոնցից օգտվում են Uber և Cabify ծառայությունները:

Հիշեցնենք, որ մարտի կեսին Uber տաքսի ծառայությունը քառամյա դադարից հետո վերսկսել է Բարսելոնայում աշխատանքը՝ հայտարարելով, որ իր ծառայությունները տրամադրելու է UberX-ի միջոցով: Այդ ծառայությունից օգտվելու համար վարորդները պետք է ունենան VTC արտոնագիր, գրանցված լինեն որպես անհատ ձեռներեց ու բացի այդ ունենան Տաքսու քաղաքային ինստիտուտի թույլտվությունը: Արտոնագրի այս տեսակն ավելի էժան է, քան տաքսու պաշտոնական արտոնագիրը։ Այժմ վարորդները բողոքում են, որ նոր արտոնագրերի տրամադրումը մրցակցային անարդար պայմաններ է ստեղծում շուկայում: