Ներողություն ենք խնդրում իրավիճակի համար, բայց հույս ունենք, որ որոշ մարդիկ կդադարեն «Սանիթեք»-ի անվամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սեփականատեր
Ո՞ւմ կամ ինչի՞ համար պետք է սաբոտաժ անենք: Լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «Սանիթեք» ընկերության հիմնադիր, սեփականատեր, ղեկավար Նիկոլաս Թավիլը:
«Սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում վերջերս շատ է շրջանառվում «Սանիթեքի» անունը, սեփականատերերի անունները: Սաբոտաժի մասին է շատ խոսվում, որ «Սանիթեքը» սաբոտաժ է անում՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով: Մենք միջազգային կազմակերպություն ենք, ներկայացած ենք 4 երկրներում: Մենք չունենք գործընկերներ, մենք չունենք մասնաճյուղեր, մենք չունենք տեղական գործընկերներ՝ ո՛չ քաղաքական ոլորտում, ո՛չ դրանից դուրս: «Սանիթեք»-ը 100 տոկոսանոց օտարերկրյա ներդրումների արդյունք է, 100 տոկոսով ապաքաղաքական է»,- այս մասին ասաց Թավիլը:
Նա ընդգծեց, որ իրենք որպես կազմակերպություն, որն ունի ավելի քան 900 աշխատակից, որը 30 միլիոն դոլարի ներդրում է կատարել, ամսական ծախսում է 800-900 հազար դոլար, Հայաստանի մեծ հարկատուներից մեկն է, չեն հավատում սաբոտաժի գաղափարին։
«Մեր պայմանագիրը կոնկրետ կառույցի՝ քաղաքապետարանի հետ է այն կնքված է կառույցի հետ, ոչ թե անհատի: Ո՞ւմ կամ ինչի՞ համար մենք պետք է սաբոտաժ անենք՝ ռիսկի դնելով հազարավոր ընտանիքնե՞րի, կազմակերպության հեղինակությո՞ւնը, միլիոնավոր ներդրումնե՞րը»,- շեշտեց ընկերության ղեկավարը:
Նիկոլաս Թավիլն ասաց, որ «Սանիթեքը» Հայաստանում գործունեություն սկսելուց առաջ կար գործող քաղաքապետ, ներկայումս և հետո էլ գործող քաղաքապետ է լինելու, և նրանցից որևէ մեկի հետ ընկերությունը կապված չի եղել, կապված չէ և կապված չի լինելու:
««Սանիթեք»-ը մի շարք նորամուծություններ է մտցրել աղբի կարգավորման ոլորտում՝ նոր աղբամաններ, նոր գրաֆիկ, նոր մշակույթ: Երբ սկսում էինք, որոշակի խնդիրներ ունեցել ենք, բայց չենք խուսափել պատասխանատվությունից, կարգավորել ենք դրանք: Հիմա էլ վերջին երկու շաբաթներում խնդիրներ կան, բայց մենք մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը: Երբ մենք սխալվում ենք, քաջություն ունենք ասելու, որ սխալվել ենք»,- ասաց նա:
Ընկերության սեփականատերը հույս հայտնեց, որ որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում և ներկայացրեց այն պատճառները, թե ինչու է մայրաքաղաքում աղբը հավաքելու խնդիր առաջացել:
«Շատերն ասում են, թե «Սանիթեքը» ստեղծում է իր աղբավայրերը, մասնավորապես՝ Աջափնյակում: «Սանիթեքն» ինքն իրենով աղբանոց կամ աղբավայր չի ստեղծել: Մենք համագործակցում ենք պետական մարմինների հետ, օգտագործում ենք այն աղբավայրերը, որոնք արդեն ծառայել են որպես աղբավայր: Հիմա խնդիրների մասին. դրանք առաջացել են 2 շաբաթ առաջ, և հիմա աստիճանաբար լուծում ենք դրանք: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով լուծել ենք, բայց կարգավորում ենք: Մեքենաների հետ կապված խնդիր ենք ունեցել, ունեցել ենք խնդիրներ պահեստամասերի հետ կապված:
Մեքենաները, որոնք օգտագործվում են Երևանում, եվրոպական ստանդարտներին են համապատասխանում, դրանք զգայուն մեխանիզմներ են: Մենք ունենք նոր մեքենաներ, պատվիրել ենք նորերը, որոնք շուտով կստանանք: Մենք ներդրում ենք 500-600 հազար դոլար, որ կարողանանք նոր մեքենաներ բերել: Բանակցում ենք նաև մեքենաները թարմացնելու ուղղությամբ:
Շուտով կունենանք նաև նոր աղբամաններ: Ո՛չ լրագրողները, ո՛չ բնակիչները չեն պատկերացնում, թե օրվա ընթացքում ինչքան գումար ենք կորցնում վնասված աղբամանների պատճառով: 600 հազար դոլարի վնաս ենք ունեցել դրանց պատճառով: Այս պահին 8000-ից ավելի աղբամաններ կան, բայց նորերն ենք պատվիրել, աշխատում ենք որոշ մասը վերանորոգել ու նորերով թարմացնել»,- մանրամասնեց նա:
Թավիլն ասաց, որ աղբի կառավարման հարցում կա բոլորի օգնության կարիքը, նշեց, որ աղբամանները վառում են, փոքր աղբամանների մեջ մեծ աղբ են դնում, ինչի հետևանքով էլ իրենց աշխատանքը հաճախ դանդաղում է: Միաժամանակ նա նշեց, որ ավտոմեքենաները չեն հասցնում հավաքել աղբը, նրանց մի մասի պահեստամասերը ճանապարհին են:
«Մենք ցավում ենք, ներողություն ենք խնդրում ստեղծված իրավիճակի համար: Ամեն ինչ կարգավորման ճանապարհին է: Աղբի կառավարումը բարդ գործընթաց է, որի ժամանակ բոլորի օգնությունն է կարևոր: Մեքենաների գնումը որոշ չափով կօգնի կարգավորել վիճակը»,– ասաց ընկերության սեփականատերը:
Թավիլը նշեց, որ մեքենաները Երևան կհասցնեն 2-ից 3 շաբաթների ընթացքում: Իսկ ավելի քան 1000 աղբամանները Երևան կհասնեն մինչև «Էրեբունի–Երևան»–ի տոնակատարությունները:










