Չինաստանում սկսել են ոչնչացնել դագաղներն ու արգելել հուղարկավորությունները

14:39 • 31.07.18

Չինաստանի Ցզյանսի նահանգի իշխանությունները սկսել են միջոցներ ձեռնարկել դիակիզման քաղաքականության կիրառման ուղղությամբ՝ հողային ռեսուրսների պահպանման նպատակով:

South China Morning Post թերթի հաղորդմամբ՝ այս նպատակով իշխանությունները բնակիչներից բռնի կերպով առգրավում են պատրաստի դագաղներն ու արգելում ավանդական հուղարկավորության արարողությունները:

Նշվում է, որ նահանգի իշխանությունները մտադիր են դիակիզումը մարդու մնացորդների ոչնչացման միակ թույլատրված միջոցը դարձնել:

Անցած հանգստյան օրերին չինական սոցցանցերում տարածված լուսանկարների ու տեսանյութերի համաձայն՝ իշխանություններն ուժով դագաղներ են դուրս բերել բնակիչների տներից, այնուհետև էքսկավատորով ոչնչացրել դրանք: Ընդ որում՝ մի շարք բնակիչներ պառկել են դագաղների մեջ՝ այսկերպ փորձելով պաշտպանել դրանք ոչնչացումից:

Համապատասխան որոշումը կայացնելուց հետո Ցզյանսի նահանգում արգելվել է նաև դագաղների պատրաստումը, և իշխանությունները սկսել են զբաղվել արդեն պատրաստի դագաղների բռնագրավմամբ: