Կիևում շաուրմա համտեսած 16 քաղաքացի թունավորման է ենթարկվել

22:52 • 31.07.18

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 16 մարդ է թունավորվել քաղաքի կենտրոնում գնած շաուրմայից, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։

Տուժածները հոսպիտալացվել են մի քանի հիվանդանոցներում՝ սուր աղիքային ինֆեկցիայի ախտորոշմամբ, թունավորում ստացած մեկ անձ հրաժարվել է հոսպիտալացումից։

Հայտնի է, որ բոլոր 16 անձինք շաուրմա են գնել Կիևի Բրովարկսի պողոտայում գտնվող արագ սննդի կետից, ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել։

Սննդի կետում վաճառքի հանված ուտեստները ենթարկվում են լաբորատոր քննության։