Հս. Կորեան գաղտնի հրթիռներ է ստեղծում. ամերիկյան հետախուզական ծառայություններ

13:21 • 31.07.18

France Presse գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի պատմական սինգապուրյան հանդիպումից մի քանի շաբաթ անց պարզվել է, որ Փհենյանը հեղուկ վառելիքով առնվազն մեկ կամ երկու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է ստեղծում:

Աղբյուրը հղում է անում ամերիկյան հետախուզական ծառայություններին, վերջին շրջանում արված արբանյակային լուսանկարներին ու այլ ապացույցների:

«Դատելով լուսանկարներից՝ նրանք շարունակում են աշխատել առաջվա պես»,-նշել է քաջատեղյակ աղբյուրը:

Աղբյուրը հիշեցնում է սինգապուրյան հանդիպումից հետո Թրամփի հայտարարությունը։ Նա վստահ հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան այլևս միջուկային սպառնալիք չի ներկայացնում: Այնուհանդերձ՝  Կիմ Չեն Ընը հրապարակավ չի խոստացել վերջ տալ երկրի միջուկային օբյեկտներում ընթացող աշխատանքներին՝ մշուշոտ խոսելով միայն երկրի ապամիջուկայնացման մասին, նկատում է AFP-ն:

Այնուհանդերձ՝ կան մի շարք այլ արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ հյուսիսկորեական իշխանությունները մասամբ ապամոնտաժում են որոշ միջուկային կայաններ: