Թուրքիան անընդունելի է անվանել ԱՄՆ-ի «սպառնալիքների լեզուն»

10:35 • 31.07.18

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարություն է ընդունվել, որում անթույլատրելի են բնորոշվել Անկարայի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան հանձնառու է իր պարտավորությունների կատարմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ դաշինքների շրջանակում»,- ընդգծել են Անվտանգության խորհրդում:

Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում նշվում է, որ ԱՄՆ-ի որոշումները և հայտարարությունները վնաս կհասցնեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը և վստահությանը:

Փաստաթղթում նաև նշվում է, որ «սպառնալիքների լեզուն», որը «բացարձակ անընդունելի է», ցույց է տալիս, որ ամերիկյան իշխանությունները չեն հարգում երկկողմ հարաբերությունները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «մեծ պատժամիջոցներ» սահմանել Թուրքիայի դեմ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին աջակցության համար մեղադրվող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալության պատճառով: ԱՄՆ նախագահը հայտարարել է Բրանսոնի անմեղության մասին և ընդգծել է, որ նա պետք է «անհապաղ ազատ արձակվի»:

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան չի հանդուրժի «որևէ մեկի կողմից» նման հռետորաբանություն և ընդգծել է, որ ոչ ոք չի կարող Թուրքիային թելադրել՝ ինչպես վարվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ հակապետական գործունեության համար ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներով ճնշման դեպքում ԱՄՆ-ն կարող է «զրկվել անկեղծ դաշնակցից»: