Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը

17:16 • 01.08.18

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում բողոք են ներկայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Արամ Օրբելյանը նաև ընդգծեց, որ դիմումի հետ ներկայացրել է պատգամավորների ստորագրությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում հինգշաբթի օրը վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ռոբերտ Քոչարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորված է: Նա մեղադրանքը չի ընդունում: