Իրանը մոտ ապագայում կցանկանա բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը մոտ ապագայում կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, հայտնում է NDTV-ն:
«Ես հուսով եմ, որ Իրանի հետ ամեն ինչ լավ կստացվի, նրանք այժմ շատ բարդություններ ունեն: Եվ ես զգացողություն ունեմ, որ նրանք շատ շուտով մեզ հետ կխոսեն: Գուցե և ոչ, բայց դա նույնպես նորմալ կլինի»,- ասել է նա Ֆլորիդայում աջակիցների առաջ ունեցած ելույթի ժամանակ:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստակամ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ «առանց նախապայմանների»:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին հայտարարել էր, որ Իրանը կընդունի այդ առաջարկը միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակ, որը լքել է ամիսներ առաջ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար, գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին իր հերթին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք չի հանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։










