Խնդիրներ ունեցել ենք, լուծում ենք. «Սանիթեք» ընկերության հիմնադիրը հանդիպեց իրենց գործունեության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ (տեսանյութ)
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր բողոքի ակցիա անցկացրեց «Սանիթեք» ընկերության գործունեության դեմ։ Խմբակցության անդամները պնդում էին, որ աղբահանման բնական ընթացքը ընկերությունը չի ապահովում:
Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ գրեթե ամենուր աղբահանության իրավիճակն անմխիթար է. «Աղբակույտերն ու գարշահոտությունը համատարած բնույթ են կրում»,-ասաց նա:
Խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 10 օր առաջ այցելել է ընկերություն, որտեղ խոստացել են, որ մեկ-երկու օրվա ընթացքում վիճակը էապես կկարգավորվի և աղբահանման բնականոն ընթացքը կապահովվի, բայց խնդիրը չի լուծվել:
«Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք» ընկերության դիմաց հնչեցրեցին իրենց պահանջները, որոնք պետք է կատարվեն օգոստոսի երկուսից յոթնօրյա ժամկետում:
«Երևան քաղաքում դատարկել բոլոր աղբամանները, մաքրել բոլոր հարթակները, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի, բակերի, փողոցների բոլոր աղբակույտերը: Միաժամանակ, այս պահանջը ներառում է նաև աղբահանման կանոնավոր աշխատանքը վերականգնելը և պայմանագրի տարածքում` Երևանի արևելքում, արևմուտքում մաքրության պահպանման աստիճանը դ կարգից ա կարգի հասցնելը:
Պահանջի չկատարման դեպքում Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծարելու նպատակով»,-նշեց «Ելք»խմբակացության անդամ Անի Սամսոնյանը:
Պահանջները գրավոր փոխանցվեցին նաև ընկերության տնօրենին, ով եկել էր ակցիայի մասնակիցների հետ զրուցելու համար: «Սանիթեք» ընկերության հիմնադիր, սեփականատեր, ղեկավար Նիկոլաս Թավիլը նշեց, որ խնդիրներ ունեն, չեն փախչում պատասխանատվությունից, ունեն սխալներ, անցած տարի ևս ունեցել են սխալներ, բայց աշխատում են դրանք շտկելու համար: Տնօրենն ընդգծեց, որ խնդիրների մի մասը իրենց հետ կապված չէ:
Նիկոլաս Թավիլն ասաց, որ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն ներկայացրել է խնդիրները:
Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերության հիմնադիր, սեփականատեր, ղեկավար Նիկոլաս Թավիլը երեկ ներողություն էր խնդրել իրավիճակի համար հույս հայտնեց, որ որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում և ներկայացրել այն պատճառները, թե ինչու է մայրաքաղաքում աղբը հավաքելու խնդիր առաջացել:
«Շատերն ասում են, թե «Սանիթեքը» ստեղծում է իր աղբավայրերը, մասնավորապես՝ Աջափնյակում: «Սանիթեքն» ինքն իրենով աղբանոց կամ աղբավայր չի ստեղծել: Մենք համագործակցում ենք պետական մարմինների հետ, օգտագործում ենք այն աղբավայրերը, որոնք արդեն ծառայել են որպես աղբավայր: Հիմա խնդիրների մասին. դրանք առաջացել են 2 շաբաթ առաջ, և հիմա աստիճանաբար լուծում ենք դրանք: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով լուծել ենք, բայց կարգավորում ենք: Մեքենաների հետ կապված խնդիր ենք ունեցել, ունեցել ենք խնդիրներ պահեստամասերի հետ կապված:
Մեքենաները, որոնք օգտագործվում են Երևանում, եվրոպական ստանդարտներին են համապատասխանում, դրանք զգայուն մեխանիզմներ են: Մենք ունենք նոր մեքենաներ, պատվիրել ենք նորերը, որոնք շուտով կստանանք: Մենք ներդրում ենք 500-600 հազար դոլար, որ կարողանանք նոր մեքենաներ բերել: Բանակցում ենք նաև մեքենաները թարմացնելու ուղղությամբ:
Շուտով կունենանք նաև նոր աղբամաններ: Ո՛չ լրագրողները, ո՛չ բնակիչները չեն պատկերացնում, թե օրվա ընթացքում ինչքան գումար ենք կորցնում վնասված աղբամանների պատճառով: 600 հազար դոլարի վնաս ենք ունեցել դրանց պատճառով: Այս պահին 8000-ից ավելի աղբամաններ կան, բայց նորերն ենք պատվիրել, աշխատում ենք որոշ մասը վերանորոգել ու նորերով թարմացնել»,- մանրամասնել էր նա:










