Վերջին օրերին նկատվում է դիզենտերիայի և աղիքային վարակների թեթևակի նվազում. Լիանա Թորոսյան

12:57 • 01.08.18

Հանրապետությունում սեզոնին համահունչ, հատկապես երեխաների շրջանում դիտվող վարակային հիվանդությունները և հատկապես աղիքային վարակները շարունակում են ակտուալ մնալ, բայց ոչ վախեցնող. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ անդրադառնալով ինֆեկցիոն հիվանդությունների տարածվածությանը:

«Հունիս ամսվա տվյալներով՝ նկատվել էր աճ՝ 1/1 անգամ, ի հաշիվ դիզենտերիա հիվանդության, որը չորս անգամ ավելի է արձանագրվել, քան նախորդ տարի: Հուլիս ամսին աճող թվերը պահպանվել են, բայց վերջին օրերին նկատվում է թեթևակի նվազում վարակների մասով: Անցյալ տարի, հունիս ամսին արձանագրվել է 988 աղիքային վարակի  դեպք, այս տարի՝ 1107: Անցյալ տարի հունիս ամսին արձանագրվել է դիզենտերիայի 33 դեպք, այս տարի՝ 110 դեպք, իսկ սեզոնով պայմանավորված՝ արձանագրվել է 11 դեպք, այս տարի հունիս ամսին գրանցվել է 48 դեպք»,-ասաց նա:

Լիանա Թորոսյանը նշեց, որ նախարարությունը շարունակում է վարակային  հիվանդությունների մոնիտորինգ անցկացնել, դիտարկվում է և´ սննդային, և´ ջրային գործոնը, այս դեպքում ավելի շատ սննդային գործոնն է պատճառը, թեև ջրի գործոնն էլ կա:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ դիզենտերիային, սննդային թունավորումները  կայուն սանդղակում մնում են նույնը, ո´չ աճման միտում ունենք, ո´չ էլ՝  նվազման, կայուն իրավիճակ է դիտվում վարակիչ հիվանդությունների դեպքում, մասնավորապես, աղիքային վարակների մասով ևս»,-ասաց նա:

Մասնագետը նկատեց, որ սնունդ արտադրող տնտեսությունը կարող է բացառապես  անվտանգ սնունդ շուկա հանել, բայց բնակիչները երկրորդային աղտոտվածության պայմաններում՝ սննդի ոչ ճիշտ պահպանելը, ոչ ճիշտ եփելը կարող է պատճառ դառնալ, սննդային գործոնով պայմանավորված, աղիքային վարակների համար:  

Թորոսյանը նշեց, որ Երևանի որոշ համայնքներից ահազանգեր են եղել որոշակի հարցով, բայց նախարարությունն իրականացրել է ջրի մոնիտորինգ, որի արդյունքում շեղումներ չեն արձանագրվել:

Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը նշեց, որ լոկալ բռնկում է եղել Արագածոտնի Սարալանջ  համայնքում, և հիվանդանոց տեղափոխվածներն արդեն առողջացել, դուրս են գրվել:

Ի դեպ, Լիանա Թորոսյանը նշեց, որ Հայաստանը համաճարակներին արագ արձագանքող 9 լավագույն երկրների ցանկում է, ստացել է 90 միավոր: «Այսինքն՝ այնպիսի երկիր ենք ճանաչվել, որը հնարավորություն ունի արագ ճանաչելու վիրուսը և թույլ չտալու, որ բռնկումը տարածվի»,-ասաց նա:

Քանի որ դեռևս վարակիչ հիվանդությունների առումով ռիսկային սեզոնում ենք, մասնագետը նշեց, որ նախարարությունը հորդորում և կոչ է անում աղիքային վարակների նվազման հարցերը ուշադրության կենտրոնում պահել՝ պահպանել անհատական հիգիենան, սնունդը ճիշտ պատրաստել և պահպանել, շոգ օրերին խուսափել արևի ճառագայթներից, պաշտպանվել և ինքնաբուժմամբ չզբաղվել: