«Մենք սկսել ենք». Թրամփը պատմել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ընթացքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակիցների հետ հանդիպմանը պատմել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասին: Հանդիպման ձայնագրությունը ներկայացրել է Fox News-ը:
«Մենք ունենք 1,6 միլիարդ դոլար, և մենք սկսել ենք կառուցել պատի մեծ հատվածները»,- ասել է Թրամփը Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում իր աջակիցների հետ հանդիպմանը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ իրենք կապահովեն «սահմաններին հիասքանչ անվտանգություն», այդ թվում՝ պատի կառուցման հաշվին:
Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում գրել էր, որ ստիպված կլինի դադարեցնել կառավարության աշխատանքը, եթե դեմոկրատները չքվեարկեն սահմանների անվտանգության օգտին, ինչը ներառում է պատի կառուցումը:
Մեքսիկայի հետ սահմանին անօրինական միգրացիան կանխելու նպատակով պատի կառուցումը Թրամփի հիմնական նախընտրական խոստումներից է եղել: Նա նախ խոստացել էր կառուցել պատը Մեքսիկայի միջոցներով, սակայն հետագայում խոստովանել է, որ դա առնվազն նախնական փուլում պետք է ֆինանսավորի ամերիկյան կողմը:










