Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական Ան-178 ինքնաթիռների ձեռքբերմամբ. «Անտոնով» ընկերության ղեկավար

13:08 • 01.08.18

Ադրբեջանը հաստատել է 10 հատ ուկրաինական Ան-178 ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ իր հետաքրքրվածությունը: Այդ մասին 112.ua-ի հետ զրույցում հայտարարել է «Անտոնով» ընկերության նախագահ Ալեքսանդր Դոնեցը:

«Մեր տեխնիկան պահանջարկ և գնորդներ ունի: Ահա Silk Way-ի (Ադրբեջան) ներկայացուցիչների հետ հուլիսի 11-ին վերջին հանդիպման արձանագրությունը: Նրանք հաստատել են 10 հատ Ան-178 ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ հետաքրքրվածությունը»,- ասել է նա:

«Անտոնով» ընկերության նախագահի խոսքով՝ հավանաբար այդ ինքնաթիռները լինելու են NEXT շարքից:

Գնի մասին լրագրողի հարցին ի պատասխան Ալեքսանդր Դոնեցն ասել է, որ կկարողանա պատասխանել այդ հարցին, երբ հստակեցվեն պահեստներից մասերի դուրսբերման պայմանները:

«Ընդ որում՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան արտադրության պահեստամասերի մոտ 60 տոկոսն ավելի էժան են, քան ռուսականները»,- ասել է նա: