Իտալիայում անոմալ շոգի պատճառով եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվել խոշոր քաղաքներում
Իտալիայի առողջապահության նախարարությունն այսօր եղանակային վտանգի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ է սահմանել երկրի 18 խոշոր քաղաքներում՝ անոմալ շոգերի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել մասնավորապես Իտալիայի հյուսիսային և կենտրոնական քաղաքներում՝ Հռոմում, Միլանում, Թուրինում, Վենետիկում, Բոլոնիայում, Ֆլորենցիայում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է +40-ի, որոշ տեղերում՝ անցել այն։
Օդերևութաբանները կարծում են, որ օգոստոսի 2-ն ամենայն հավանականությամբ կարող է դառնալ 2018 թվականի ամենաշոգ օրն Իտալիայում։
Երկրի տարբեր շրջաններից ջերմային հարված ստանալու մասին բազմաթիվ լուրեր են ստացվում։ Շոգերի պատճառով մարդիկ կորցնում են գիտակցությունը, շատերը, հատկապես՝ տարեց մարդիկ, հոսպիտալացվում են ուժեղ գլխացավերով, սրտխառնոցով և բարձր ջերմությամբ։
Ստեղծված իրավիճակում բժիշկները խորհուրդ են տալիս փողոց դուրս չգալ ամենաշոգ ժամերին և շատ ջուր խմել։










