Անհայտ ինքնաթիռը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ռուսական ինքնաթիռին
Չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում անհայտ ինքնաթիռը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է iFly ավիաընկերության A-330 ռուսական ինքնաթիռին, որն Անթալիայից ուղևորվում էր Մոսկվա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սև ծովի միջազգային ջրերի վրա թուրքական ավիադիսպետչերական ծառայությունների պատասխանատվության շրջանում՝ Սոչիից մոտ 250 կիլոմետր հարավ-արևմուտք, անձնակազմը գրանցել է TCAS վտանգավոր հեռավորության վրա օբյեկտների մոտենալու նախազգուշացման համակարգի ակտիվացում: Օդաչուներն արձագանքել են և հետևել համակարգի խորհուրդներին»,- նշել են օդային երթևեկության կազմակերպության հարցերով պետական կորպորացիայում, որը պարզում է Սև ծովի երկնքում միջադեպի հանգամանքները:
A-330-ը բարեհաջող վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում:
Մասնագետները փորձում են պարզել տեղի ունեցածի մանրամասները, երկրորդ ինքնաթիռի մասին դեռևս տեղեկություններ չկան: Նշվում է նաև, որ ռուսական կողմի ավիադիսպետչերների հետ կապի նա դուրս չի եկել:










