Խաչատուրովի՝ երկրից բացակայելու մասին պաշտոնական թույլտվություն դեռ չենք ստացել, նա պետք է Մոսկվա մեկներ դեռ հուլիսի 31-ին. պաշտպան

15:15 • 02.08.18

Պաշտոնական թույլտվություն՝ Յուրի Խաչատուրովի՝ երկրից բացակայելու մասին, դեռ չենք ստացել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Յուրի Խաչատուրովը պատրաստվո՞ւմ է մեկնել ՀԱՊԿ կենտրոնակայան՝ Մոսկվա, ՀՔԾ-ի հայտարարությունից հետո:

«Կան աշխատանքային պարտականություններ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, և այդ նկատառումից ելնելով՝ դիմել էինք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի թույլատրի մեկնենք ՀԱՊԿ-ի տեղակայման վայր՝ Մոսկվա»,- ներկայացրեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատվածով բացակայի Հայաստանի Հանրապետությունից, և վարույթ իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել է իրեն: 

Դիտարկմանը, թե եթե ՀՔԾ-ն հիմա չի արգելում Յուրի Խաչատուրովը երկրից բացակայել, նշանակու՞մ է, որ նա վաղն արդեն կարող է գնալ ՀԱՊԿ կենտրոնակայան, Միհրան Պողոսյանը պատասխանեց․

«Արգելք չհամարելն իրավական կատեգորիա չէ: Մենք ինքներս էլ գիտեինք, որ  որևէ արգելք չկա, և վերջինս կարող է մեկնել իր աշխատանքային պարտականությունների իրականացմանը: Նույնիսկ այն պահին, երբ մենք միջնորդություն էինք ներկայացրել, այդ պահին էլ կարող էր մեկնել, որևէ արգելք չկար: Պարզապես Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ առանց թույլտվության այլ վայր մեկնելու դեպքում դատախազը կարող է համապատասխան գործառույթ իրականացնել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ համոզված էինք, որ հնարավոր էր նաև շահարկում լիներ, որ առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության մեկնել է: Այդ իսկ պատճառով մենք միջնորդություն ենք ներկայացրել, հայցում էինք պաշտոնական թույլտվությունը, միևնույն ժամանակ հայցում էինք, որ անհրաժեշտության դեպքում, ցանկացած ժամանակ կներկայանանք վարույթն իրականացնող մարմնին: Խնդիրը նրանում է, որ այդ պաշտոնական թույլտվությունը մենք դեռևս չենք ստացել»:

Միհրան Պողոսյանը նշեց, որ ինքը տեղյակ է մամուլում եղած հրապարակումներից, սակայն կարծում է, որ այս գործի քրեական վարույթը մամուլի խոսնակների վարույթ չէ, այլ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթ է, որի ընթացքում միջնորդությունները պարտադիր քննարկման  և լուծման ենթակա են: «Ընդ որում, Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նաև, որ ընդունված որոշումների մասին անմիջապես պետք է տեղյակ պահվի դիմողին,- ասաց նա՝ նշելով, որ հուլիսի 30-ին իրենք միջնորդություն են ներկայացրել, և ենթադրվում էր, որ պատասխանը պետք է լիներ հուլիսի 31-ին, քանի որ ժամկետ էին նշել, թե երբ են ցանկանում մեկնել:- Մինչև այս պահը մենք որևէ պաշտոնական պատասխան՝ միջնորդության լուծման վերաբերյալ, չունենք»:

Պաշտպանը, պատասխանելով հարցին, թե երբ է անհրաժեշտ, որ Յուրի Խաչատուրովը լինի Մոսկվայում, նշեց․ «Աշխատանքային պարտականություններն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, և պետք էր, որ հուլիսի 31-ին Յուրի Խաչատուրովը մեկներ: Քանի որ նա միջազգային կառույցի ղեկավար է, ամենօրյա շփումների մեջ է վեց անկախ երկրների տարբեր գերատեսչությունների հետ, ամենօրյա ներկայություն է պահանջվում մշտական տեղակայման վայրում: Մենք, դա հաշվի առնելով և հաշվի առնելով քրեական գործի առկայությունը, պարտավորվել էինք նաև ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին»:

Ըստ Միհրան Պողոսյանի՝  քանի դեռ պաշտոնական ծանուցում չեն ստացել, Յուրի Խաչատուրովը չի գնալու Մոսկվա: «Այժմ միջազգային կազմակերպության գործունեության կազմալուծումը, դրա ղեկավար կազմի՝ իր տեղում չգտնվելը պայմանավորված է ՀՔԾ-ի օրենքով սահմանված իր պարտականությունը, այսինքն՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը  չիրականացնելուց»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։