Թրամփը հայտարարել է, որ «անհամբերությամբ» սպասում է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման

15:12 • 02.08.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին նամակի և Կորեական պատերազմի ժամանակ մահացած ամերիկացի զինվորականների մնացորդներն ԱՄՆ ուղարկելու համար՝ հայտարարելով, որ «անհամբերությամբ» սպասում է նրա հետ նոր հանդիպման:

«Շնորհակալ եմ Ձեզ, Կիմ Չեն Ըն, որ պահեցիք խոստումը և սկսեցիք մեր մեծ և սիրելի, մարտում անհետ կորած զինվորականների մնացորդների վերադարձի գործընթացը: Ես զարմացած չեմ, որ Դուք նման բարի գործ եք արել: Շնորհակալ եմ Ձեզ նաև Ձեր սիրալիր նամակի համար, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպման»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում:

Հինգշաբթի ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռն ԱՄՆ է տեղափոխել Կորեական պատերազմի ժամանակ ԿԺԴՀ-ի տարածքում զոհված զինծառայողների մնացորդները, որոնք փոխանցվել են Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Հավայան կղզիների «Հիքամ» ավիաբազա է տեղափոխվել 55 զինվորի մնացորդ: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին պատմական հանդիպում էր կայացել Թրամփի ու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի միջև: Հանդիպման ավարտից հետո Թրամփը հայտարարել էր, որ Փհենյանը պատրաստ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: