ԱՄՆ-ում ցանկանում են հարցաքննել ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովին. նա կասկածվում է նախագահական ընտրությունների ելքին ազդելու համար

12:32 • 03.08.18

2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցով հետաքննություն վարող դատախազ Ռոբերտ Մյուլերը ցանկանում է գործի շրջանակում հարցաքննել ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդուն՝ փոփ երգիչ Էմին Աղալարովին, որը հայտնի է նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապերով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Էմին Աղալարովի օգնությամբ 2016թ. Trump Tower-ում կազմակերպվել էր Թրամփի ավագ որդու ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հանդիպումը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Աղալարովը կապվել էր հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռոբ Գոլդսթոունի հետ, որը դիմել էր Դոնալդ Թրամփ-կրտսերին՝ տեղեկացնելով, որ ռուսական կողմը կոմպրոմատ ունի Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ:

Աղալարովը իր փաստաբանների միջոցով հայտնել է, որ իսկապես կազմակերպել է հանդիպումը, սակայն ընտրական արդյունքների վրա ազդելու նպատակ չի ունեցել:

«Ինձ մեղադրում են ընտրություններին ազդելու համար: Սա շատ տարօրինակ է հնչում. ես՝ ադրբեջանցի տղաս, ապրելով Մոսկվայում, ազդել եմ ամերիկյան ընտրությունների ելքին: Եվ դա ասվում է միայն հիմնվելով այն փաստի վրա, որ ես ճանաչում եմ պարոն Թրամփին: Սա ծիծաղելի մեղադրանքներ են»,-ասել է Աղալարովը:

Նա հավելել է, որ չի պատրաստվում մեկնել ԱՄՆ ու հարցաքննվել Մյուլերի կողմից: