FT-ի լրագրողները պահանջել են, որ լրատվամիջոցի գլխավոր տնօրենը վերադարձնի աշխատավարձի մի մասը

23:54 • 03.08.18

Բրիտանական Financial Times թերթի լրագրողների մի խումբ պահանջել է, որ լրատվամիջոցի գլխավոր տնօրեն Ջոն Ռիդինգը վերադարձնի 2017 թվականին ստացած իր աշխատավարձի մի մասը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թերթի ներկայացուցիչ Սթիվ Բերդին:

Նշվում է, որ 2017 թվականին Ռիդինգը վաստակել է մոտ 3,4 միլիոն դոլար, մինչդեռ 2016 թվականին նրա եկամուտը կազմել է 2,65 միլիոն դոլար:

«Մենք կարծում ենք, որ Ջոն Ռիդինգը պետք է վերադարձնի իր եկամտի մի մասը, որն աբսուրդային կերպով աճել է 2016 թվականից ի վեր, և օգտագործի այդ գումարները բոլոր աշխատակիցներին, հատկապես ցածր աշխատավարձով աշխատողներին պարգևատրելու համար, ինչպես նաև օգնի վերացնել աշխատավարձերի հարցում առկա գենդերային տարբերությունը»,- նշվում է տեքստում: Նամակը, որը ստորագրել է թերթի ավելի քան 20 լրագրող, ուղարկվել է լրատվամիջոցի աշխատակիցներին օգոստոսի 1-ին:

«Ընկերության որոշումը գլխավոր տնօրենին վճարել հարյուր անգամ ավելի, քան պրակտիկանտ լրագրողին, ծիծաղելի է դարձնում ազնվության մասին բոլոր պատկերացումները և խախտում է կորպորատիվ էթիկան»,- ասել է Բերդը: